9-13-րդ դդ. Երևանում` Անանիա առաքյալի գերեզմանի վրա, մատուռ էր կառուցվել։ Ըստ պատմական աղբյուրների, խուսափելով Մելքիսեթ կաթողիկոսի հալածանքներից, Մովսես Սյունեցի վարդապետն Էջմիածնից եկել էր Երևան` Կարին տեղափոխվելու նպատակով (որտեղ քարոզչությամբ պիտի զբաղվեր)։ Երևանում նա ծանոթացել էր Ամիրգունա խանի հետ և օգտվելով նրա բարյացկամ վերաբերմունքից` ապաստանել Անանիա առաքյալի մատուռի շրջակայքում, որտեղ և 17-րդ դ. սկզբին վանք է հիմնել։ Մովսեսը կառուցել է եկեղեցի, ժամատուն, առաջնորդարան և միաբանների համար խցեր։ Ամբողջ տարածքը պարսպապատել և վանական դպրոց է հիմնել։ Ծաղկուն ու լայն գործունեություն ծավալող վանքի համբավն այդ տարիներին հայտնի էր անգամ Հայաստանի սահմաններից դուրս։
Բացի Անանիա առաքյալի մատուռից` հիշյալ բոլոր կառույցները փայտակերտ էին և հրո ճարակ դարձան 1635-36 թթ. թուրք-պարսկական պատերազմների ընթացքում։ Ըստ դեպքերի ականատես Առաքել Դավրիժեցու` այդ կառույցները վերստին քարից կառուցեց Փիլիպոս կաթողիկոսը (1632-55 թթ.)։ 1679 թ. երկրաշարժն ավերակների վերածեց վանքն ու կից բոլոր կառույցները։
Նույն տարածքում վեր խոյացած ներկայիս Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1693 թ.` Խոջա-Փանոսի նվիրատվությամբ։ Այս շինության արձանագրությունը փորագրված է արևմտյան պատի վրա դրսից` դռան աջ կողմում, մի մեծադիր, պատկերազարդ խաչքարից վեր։ Անապատի վանահայր Ավետիք վարդապետը կառուցել է տվել եկեղեցու խաչկալը, որի արձանագրությունը փորագրված է եկեղեցու ձախակողմյան սյան վրա։
1889 թ. բացվել են հարավային դուռը և լուսամուտները, կառուցվել է նոր խաչկալ, վերնատուն, վերանորոգվել են տանիքն ու պարիսպները և արձանագրությունը փորագրվել է նորաբաց դռան վերին հատվածում։
Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցու անունը Աստվածածին է, որը Զորավոր անունը ստացել է ավելի ուշ` այնտեղ պահվող հրաշագործ և զորավոր համարվող մի ձեռագիր մատյանից։
Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում տեղադրված պատկերազարդ խաչքարի վրա հիշատակվում է Գեղամյան տոհմի Մեծ Յուզբաշու երրորդ որդի Գաբրիել հարյուրապետի անունը` որպես տոհմի արժանի ժառանգ։ Արձանագրությունը փաստում է (1793 թ.), որ ի հիշատակ իր տոհմի` նա վերանորոգել է տվել տաճարի խախտված տանիքը։
Խոջա-Փանոսի կենդանության տարիներին Անանիա առաքյալի գետնափոր դամբարանի մուտքը եկեղեցու միջից է եղել։ 1890 թ. դամբարանը զատվել է եկեղեցուց, վրան առանձին կաթողիկե է կառուցվել, դրսից առանձին մուտք է բացվել, որի մասին վկայում է դամբարանի ճակատի պատի մեջ հագցրած մարմարյա տախտակին փորագրված արձանագրությունը։ 1889 թ. դամբարանը բաժանել են եկեղեցուց, ներսի մուտքը փակել և դամբարանի գլխին եկեղեցուց անկախ գմբեթավոր մի փոքրիկ շինություն կառուցել։ Եկեղեցու արևելյան պատը դրսից նուրբ խաչքարով է զարդարված։ Մովսես Սյունեցու վախճանից հետո այն իբրև նստավայր է ծառայել մինչև 1835 թ., երբ դադարել է մենաստան լինելուց և հանձնվել Մարաղայի գաղթականներին` որպես ծխական եկեղեցի։
Եկեղեցու եզակի գանձերից է նաև նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսին խաչին զոհաբերած տեսարանը։
Այս եկեղեցին, Պողոս-Պետրոսի և մյուսների նման, 17-րդ դ. վերջին բնորոշ երևանյան հուշարձաններից է։


